Լրահոս

21.02.2012 20:11


Տարոն Մարգարյանի կոչը երևանցիներին

Տարոն Մարգարյանի կոչը երևանցիներին

«Սիրելի՛ երևանցիներ.

Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի  հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմանակնում հուզական բնույթի են:

Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանր ու թեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:

Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում:

Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի:

Վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետևյալն են.

Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են:

Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի  հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:

Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար:

Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:

Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:

Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.

 

-     հենապատերի և եզրաքարերի վերանորոգում և վերականգնում,

-         կանաչ գոտու վերականգնում և ավելացում, ծաղկապատում,

-         ոռոգման ցանցի վերականգնում,

-         սալիկների վերականգնում,

-         նստարանների և աղբամանների տեղադրում,

-         արտաքին լուսավորության ապահովում:

Վստահ եմ, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի:

Երևանի քաղաքապետ`  Տարոն Մարգարյան»

Այս խորագրի վերջին նյութերը